20/07/2017 15:47
Առողջապահության մեջ մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցությունը. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նոր նախագիծ, համաձայն որի՝ բժիշկներն անցնելու են էլեկտրոնային համակարգի:
«Windows համակարգը կես տարին մեկ կամ մեկ տարին մեկ թարմացնում եք, ինչ-որ մեկն այդ թարմացումների վրա աշխատում է: Նույնն էլ էլեկտրոնային առողջապահական համակարգում է, այս համակարգն էլ պետք է զարգացնել ու սպասարկել, դա իր գոյության գրավականն է», - Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե որոշ բուժհաստատությունների ղեկավարներ փորձում են միջնորդներ գտնել՝ բարեխոսելու երկրի նախագահի մոտ, որպեսզի իրենց բուժհաստատությունները մասնավորեցման ցանկից դուրս գան, Լևոն Ալթունյանն ասաց, որ իրեն նման դեպքեր հայտնի չեն և անձամբ իրեն նույնպես նման հարցերով չեն դիմել:
«Ես տեղյակ չեմ։ Առողջապահության մեջ մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցությունը», - արձագանքեց նախարարը։
Հարցին, թե ինչու են մի շարք բժշկական հաստատությունների մասնավորեցման և ուսանողական պոլիկլինիկայի լուծարման որոշումների մասին տվյալ հաստատությունների անձնակազմը տեղեկացել մամուլից և նախնական քննարկումներ տեղի չեն ունեցել, Լևոն Ալթունյանն ասաց, որ ցանկացած փոփոխություն մարդկանց դիմադրությունն է առաջացնում:
Դիտարկմանը, թե ցանկացած դեմոկրատական երկրներում նման փոփոխության դեպքում հանրային քննարկումներ են իրականացվում, նախարարն ասաց, թե հանրային քննարկումներ հիմա ընթանում են:
Հարցին՝ արդյոք այդ քննարկումներն ուշացած չեն, քանի որ որոշումն արդեն կայացվել է, Ալթունյանն ասաց, որ եթե լինեն էական փաստարկներ, որոշումը կփոխվի.
«Բայց այդպիսի էական փաստարկներ չեն կարող լինել, քանզի այդ բուժհաստատություններն աշխատում են մինուսով», - նշեց նա։
Դիտարկմանը, որ «Հատուկ պոլիկլինիկան, օրինակ, ապացուցում է, որ իրենք «պլյուսով են» աշխատում, նախարարն արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում նրանք կմասնավորեցնեն իրենց պոլիկլինիկան և շահույթը կստանան իրենք, ոչ թե պետությունը»: