20/07/2017 15:12
«Էն գահի առաջ, որ ապստամբում են, նրա առաջ չեն խոնարհվում». «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալները ներկայացնում են իրենք իրենց
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 16 ամբաստանյալներին դատարան վերադարձնելուց հետո, ըստ էության մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալների մասով անջատված գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ մինչ այդ ամբաստանյալների նկատմամբ դատարանից հեռացնելու դատական սանկցիա էր կիրառվել և նրանք չէին մասնակցում նիստերին: Նրանց վերադարձնելու միջնորդություն ներկայացրեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Այժմ դատական նիստում դատավորը սկսել է ծանոթանալ ամբաստանյալների ինքնությանը:
Ամբաստանյալ Արամ Հակոբյանին դատավորը խնդրեց կանգնել, սակայն վերջինը, պատճառաբանելով, թե հիվանդ է, չկանգնեց, դատավորը ընդունեց պատճառաբանությունը: Հակոբյանը ներկայացրեց, որ գյումրեցի է, ամուսնացած է, երեխաները չափահաս են, բարձրագույն կրթություն ունի:
Մյուս ամբաստանյալը, որին ցանկացավ ծանոթանալ, Արայիկ Հակոբյանն էր. վերջինը նույնպես ոտքի չկանգնեց: Դատավորրը ժպտաց. «Դու հիվանդ չես էլի, հասկանում եմ»: Հակոբյանը արձագանքեց, որ նստատեղի ներվի բորբոքում ունի, և դատավորը հայտարարեց, որ որպես դատական սանկցիա՝ նրա նկատմամբ հայտարարում է նախազգուշացում:
Ասաց ծնվել է Մխչյան գյուղում, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ունի երկու երեխա: Նախկինում դատապարտված չի եղել: Վերջին աշխատանքը եղել է որպես տաքսու վարորդ:
Երբ հերթը հասավ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին, որը հայտնի է «Դեդ» անունով, դատավորը խնդրեց ոտքի կանգնել:
«Ես չեմ կարա կանգնեմ, որովհետև էն գահի առաջ, որ ապստամբում են, նրա առաջ չեն խոնարհվում», - դատավորին արձագանքեց Մարտիրոս Հակոբյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանի առաջ անհարգալից վերաբերմունքի դրսևորման համար Դեդի նկատմամբ հայտարարեց նախազգուշացում սանկցիա: Հակոբյանը, ներկայացնելով իրեն, ասաց՝ ծնվել է Գանձակում, այժմ ամուսնացած է, ունի երեխաներ, իր խնամքին ոչ մեկ չունի, ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում: Նրա պաշտպանությունն իրականացնում են Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը:
Ամբաստանյալ Վարդան Գերավետյանը ևս ոտքի չկանգնեց ու նրա նկատմամբ ևս կիրառվեց նախազգուշացում դատական սանկցիա: Գերավետյանը հետաքրքրվեց, թե դատավորը չի ցանկանո՞ւմ տեղեկանալ, թե ինչու ինքը ոտքի չի կանգնում: Դատավորը բացասական պատասխան տվեց, բայց Գերավետյանը ոտքի կանգնեց ու հայտարարեց. «Կանգնելով հայ ժողովրդի առջև և ավելի ընկալելի լինելու դահլիճից դուրս գտնվող մեր ժողովրդի համար…»: Սակայն դատավորը թույլ չտվեց շարունակել: Բայց Գերավետյանը անդրդվելի էր. «Ձեր աչքի առջև բռնություն է այստեղ կատարվել մեր տղաների նկատմամբ և այդ բռնությունը եղել է ոչ թե մեր հանդեպ, այլ ժողովրդին եք այդպես փորձել վախեցնել»:
Դատավորը պահանջեց ներկայացնել իրեն, և Գերավետյանը ասաց, որ ծնվել է Երևանում, բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած չէ ու նախկինում դատապարտված չի եղել: Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը: