20/07/2017 14:45
Գյուղերի ճանապարհները սարքելու հետ զուգահեռ տրանսպորտային համակարգն էլ կաշխատի. նախարար
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծման նախագծին և նշեց, որ այն վարչապետի հանձնարարականների շրջանակներում է եղել:
«Տեխնիկական առաջադրանքի հիման վրա կկառուցվի միասնական նոր ցանց և պահանջները կդրվեն», - ասաց նա ՝ ընդգծելով, որ ծրագիրը դեռ «հում» է:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա բոլոր երթուղիները սպասարկողների հետ պայմանագրեր ունեն, որի ժամկետների լրանալուց հետո, նոր կարելի է անդրադառնալ փոփոխությանը:
«Գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց, որը կսպասարկվի կոնկրետ օպերատորի կողմից: Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի», - ասաց նախարար։
Վահան Մարտիրոսյանը նշեց, թե դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ քանակի ներդրումներ անհրաժեշտ կլինեն:
Ինչ վերաբերում է գյուղերի ճանապարհների վիճակին, ապա նախարարն ասաց, որ գյուղերի ճանապարհների ծրագիրը իրականացվում է, խնդիրները արդեն գույքագրել են և ճանապարհները սարքելու հետ զուգահեռ տրանսպորտային համակարգն էլ կաշխատի:
«Շատ մեծ է խնդիրը և զուգահեռաբար պետք է գնանք», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ:
Նա ասաց, որ նախագիծը չի վերաբերում Երևանին:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կային համայնքներ, որոնք չէին սպասարկվում և ներկայումս նվազացրել են այդ համայնքների թիվը: