20/07/2017 11:21
Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է. Վարչապետ
ՀՀ կառավարությսն այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրված լիզենցիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ, այն ծառայությունները, որ մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես, իրավաբանական և ֆիզիկական անձանց լիզենցիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարական ձևական պահանջներ և այլն», - նշեց վարչապետը։
Նա ընդգծեց՝ ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխամիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը։
Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկ ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու և այլ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին նա հանձնարարեց սահմանել վերահսկողության այս կետի կատարման վերաբերյալ:
«Կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել: Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք: Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երևի գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է», - եզրափակեց Կարեն Կարապետյանը։