20/07/2017 12:22
«Հանրային պաշտպանները ձեր կամակատարը չեն». «Սասնա ծռերի» գործով դատավորի վարքագիծը փաստաբանների վրդովմունքն է առաջացրել
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալի մասով անջատված գործի քննության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց ամբաստանյալ Լիպարիտ Սիմոնյանի դիմումը: Փաստաբանը դատարանին խնդրել էր հետաձգել նիստը, քանի որ ավելի վաղ մեկ այլ դատարանում իր վարույթում գտնվող քրեական գործով կա նշանակված նիստ:
Դատավորը հայտարարեց, որ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը արդեն 4-րդ նիստն անընդմեջ չի ներկայանում դատական նիստին և կարգադրիչներին հրահանգեց նիստերի դահլիճ բերել Սիմոնյանի պաշտպանյալ Թորոս Թորոսյանին, որի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել:
Թորոսյանը եկավ դատական նիստերի դահլիճ և հայտարարեց, որ ինքը տեղյակ է, որ իր փաստաբանը չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին և չի հրաժարվում իր պաշտպանից: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը շրջանցեց ամբաստանյալի ցանկությունը և հայտարարեց, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ Սիմոնյանը չի կարողանում ներկայանալ և այդ հիմքով դատարանը դիմելու Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Թորոսյանի համար հանրային պաշտպան ներգրավելու հարցով:
Դատավորի այս հայտարարությունը առաջացրեց դահլիճում ներկա փաստաբանների վրդովմունքը, և փաստաբան Ինեսսա Պետրոսյանը առարկեց դատարանի «անօրինական գործողությունների» դեմ:
«Դուք ակնհայտ անօրինական որոշում կայացրիք, քանի որ մենք պարզ տեսանք, որ Թորոս Թորոսյանը հայտնեց դատարանում իր կամաարտահայտությունը այն մասին, որ նա չի հրաժարվում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ծառայություններից, ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի միմիայն Լիպարիտ Սիմոնյանը: Ձեր կողմից հրապարակվեցին Լիպարիտ Սիմոնյանի դիմումներն առ այն, որ վերջինիս բացակայությունները դատական նիստերին հարգելի են: Դուք պարտավոր էիք դատական նիստը հետաձգել ոչ թե մարդուն իր կամքին հակառակ պաշտպան հրավիրել», - հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը:
Նա դատավորին հարցրեց՝ «Ի՞նչ եք պատկերացնում, հանրային պաշտպանները ինչ-որ մեկի կամակատարն ե՞ն լինելու: Նման բան չի լինելու»:
Փաստաբան Հրանտ Գևորգյանը շարունակեց իր գործընկերոջը՝ նշելով, որ դատավորի մարտավարությունն է՝ բոլոր փաստաբաններին հեռացնել դատարանի դահլիճից ու այս գործին ներգրավել հանրային պաշտպաններ: «Բայց իմացեք, որ նրանք նույնքան ջանասիրաբար կպաշտպանեն իրենց պաշտպանյալներին: Մի փորձեք վարչական ռեսուրս կիրառել», - հայտարարեց Գևորգյանը:
«Հանրային պաշտպանները ձեր կամակատարը չեն», - վրդովված լրացրեց Ինեսսա Պետրոսյանը:
Ի պատասխան Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դա նրանց ենթադրությունն է: