21/07/2017 16:51
Իրաքի փոխնախագահը Մոսուլը վերահսկելու՝ Թուրքիայի հավակնությունները երազանք է անվանել
Անկարան ցանկանում է վերահսկել Մոսուլն ու Իրաքի մի քանի այլ քաղաքներ, բայց Թուրքիայի այդ հավակնություններն ընդամենը երազանք են, հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի Իրաք կատարած այցի ընթացքում ես նրան ասացի, որ Թուրքիայի դեսպանն իրեն այնպես է պահում, կարծես Օսմանյան կայսրության դեսպանորդն է: Մենք նրան հետ ճանապարհեցինք, թուրքերը նոր դեսպան ուղարկեցին. նա իրեն ևս նույն կերպ է պահում: Նրանք իրենց այնպես են պահում, կարծես Իրաքը շարունակում է Օսմանյան կայսրության կառավարման ներքո մնալ՝ լինելով Թուրքիայի հետնաբակը», - РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ալ-Մալիքին:
Նրա խոսքով՝ «թուրքերն այժմ փորձում են այնպես անել, որպեսզի Մոսուլը թուրքական դառնա»:
«Դրանք` Թուրքիայի հավակնությունները, երազանքներ են: Երբ նրանք ասում են Մոսուլ, նկատի ունեն նաև Էրբիլը (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը - խմբ.)՝ Քիրքուքի և Սուլեյմանիեի հետ միասին: Բայց նրանք շատ թույլ են, որ կարողանան իրականացնել իրենց երազանքները», - ընդգծել է փոխնախագահը: