21/07/2017 13:35
Հայաստանը կարող է դառնալ օրգանական սնունդ արտադրող երկիր. Հանթր Գեյլոն
Երևան ժամանած ԱՄՆ գործարարներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները նախաձեռնել են Հայաստանում ու Արցախում հիմնել գործարաններ, որտեղ հայկական ծագում ունեցող մթերքներից կարտադրվի բացառապես օրգանական սնունդ:
Հայաստան այցելության ընթացքում նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում նախաձեռնությունը հավանության է արժանացել: Բացի այդ, նրանք եղել են նաև Արցախում, որտեղ ևս բարձր մակարադակի հանդիպումներ են անցկացրել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ և գործարար Հանթր Գեյլոնի խոսքով, Հայաստանն ունի օրգանական և մաքուր արտադրանք ստեղծելու բոլոր հնարավորությունները:
«Մեր այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է օգտագործել նոր տեխնոլոգիաները և բիզնեսի առավելությունները լուծելու համար աշխարհում առկա մաքուր սննդի խնդիրը՝ սկսելով հենց Հայաստանից: Հայաստանում բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում մեր նախաձեռնությունը ողջունվեց: Մեր հիմնական խնդիրն է՝ բարձրացնել սննդի արտադրության որակը և կենտրոնանալ այն բանի վրա, որ այստեղ արտադրվի 100 տոկոսանոց օրգանական սնունդ», - շեշտեց նա:
Aysor.am-ի հարցին, թե ո՞րքան գումար է անհրաժեշտ այդ ծրագիրը իրականացնելու համար և արդյոք նրանք ունե՞ն ֆինանսական աջակցության աղբյուրներ, վերջինս նշեց, թե քանի որ ծրագիրը դեռ քննարկման փուլում է, հստակ թիվ նշել չի կարող, սակայն միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ, և իրենք արդեն կան մի քանի ինստիտուտներ և ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել տվյալ նախաձեռնությանը: