21/07/2017 14:03
Հայաստանը մտադիր է համագործակցության նոր հնարավորություններ ձևավորել ԱՄՆ հետ
Միացյալ Նահանգների և Հայաստանի բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ, այսօր` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
«Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև խորհրդարանական կապերը և կձևավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը:
Ազգային ժողովի փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը և ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը:
Արփինե Հովհաննիսյանն արժևորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը: