21/07/2017 17:37
Ռիչարդ Միլսն ու Արմեն Աշոտյանը կարևորել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու կարևորել դրա խաղաղ կարգավորումը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձևավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, և արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձևավորմանը և գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն ու անելիքներին: