21/07/2017 14:08
Քրեակատարողական հիմնարկի աշխատակցուհին սեռական օրգաններում թմրանյութ էր թաքցրել. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից:
Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սև գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով:
Նյութագիտական (թմրամիջոցների քրեագիտական) փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ 2017 թվականի հուլիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում։
Նույն օրն աշխատակցուհին ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։