21/07/2017 18:38
Հայաստանում մանկատան հաշմանդամ երեխաների համար «Բարի տնակ» կառուցելու ծրագրեր կան, բայց գումար չկա
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը սկզբում կամավորների խումբ էր և միայն վերջին մեկ տարում է դարձել կազմակերպություն, մտադիր է Հայաստանում «Բարի տնակ» ներառական կենտրոն կառուցել, սակայն դրա համար անհրաժեշտ գումարներ չկան:
«Բարի մամա»-ի նախագահ Մարինա Ադուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց նպատակն է աջակցել մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, օգնել, որ երեխաները վերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ:
«Մեր գործունեության ողջ ընթացքում հանդիպել ենք բազմաթիվ դեպքերի, երբ մայրերը ստիպված են հաշմանդամություն ունեցող երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ չունեն ապաստան: Մեր կազմակերպության անդամները տեղավորում են նրանց իրենց բնակարաններում, մինչև բնակարանի հովանավոր գտնելը կամ ընտանիքի հետ հաշտեցնելը: Կան դեպքեր, երբ դա անել չի հաջողվում և, ցավոք, երեխան հայտնվում է մանկատանը», - ներկայացրեց «Բարի մամա»-ի նախագահը:
Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալների համաձայն, 2014-ին գրանցվել է նորածին երեխաներից հրաժարվելու 67 դեպք, 2015 թվականին՝ 70, իսկ 2016-ին այդ թիվը կտրուկ նվազել է. գրանցվել է 35 դեպք:
«Մեր տվյալներով, վերջին 3 տարում կանխվել է հաշմանդամության պատճառով լքելու 84 դեպք: Բավականին շոշափելի ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ մանկատներում բնակվում է մոտ 700 երեխա», - նշեց Մարինա Ադուլյանը:
«Բարի տնակ» կառուցելու համար կազմակերպությունն արդեն հողատարածքն ունի: Նախատեսում են կառուցել 2 փոքրիկ շինություն, որոնցից մեկում ապրելու և աշխատելու են մանկատան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող երեխաները, իսկ երկրորդը լինելու է մանկատան սաների թերապիաների և հոգեբանական աջակցության կենտրոն: Բացի այդ, ըստ Ադուլյանի, այն լինելու է նաև ապաստան այն մայրերի համար, որոնք չեն ուզում լքել իրենց երեխաներին:
«Բարի մամա»-ները մեծ ծրագրեր ունեն, և Ադուլյանի խոսքով՝ եթե դրա նույնիսկ 2 տոկոսն իրականանա, հանգիստ կլինեն իրենց սաների համար:
«Նախագիծն ինքնաֆինանսավորվող է լինելու, շատ բարի նպատակներ ունենք երեխաների հետ կապված, բայց այս փուլում մենք կանգնել ենք: Չունենք ֆինանսական միջոցներ շինարարության համար: Չունենք անհրաժեշտ շինանյութ:
Մենք ունենք հզոր մամաների թիմ, որոնք առ այսօր կարողացել են ընտանիքում պահել հաշմանդամ 85 երեխա և կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, դասընթացներ, վիրահատություններ, բուժումներ մանկատան սաների համար», - ասաց Մ. Ադուլյանը՝ նկատելով, որ յուրաքանչյուրի տրամադրած 1000 դրամն էլ կարող է օգտակար լինել:
«Բարի տնակը» մինչև կառուցումը հաստատվել է տարբեր ժամանցային կենտրոններում՝ սկզբում «Երևան Մոլում», այնուհետև՝ «Ռոսսիա մոլ»-ում: Սակայն այստեղ էլ տարածքը տրվել է վարձով, և «Բարի տնակ»-ը դարձյալ մնաց առանց տարածքի: Այս խնդրին բախվելուց հետո էլ կազմակերպությունը որոշել է բոլոր հնարավոր միջոցներով ունենալ սեփական տարածքը:
«Բարի տնակ»-ի կառուցմանն աջակցել ցանկացողները կարող են գումար տրամադրել հետևյալ կերպ՝
Հաշվեհամար` 1510027478070100 (ՀՀ դրամ) Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ
Arca Online: 4375131100023946
Idram - 770123970 (հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին)
Paypal: [email protected]