22/07/2017 16:18
Facebook-ը մշակում է սեփական սմարթֆոն
Ամերիկյան Facebook ընկերությունը, որին պատկանում է նույնանուն սոցցանցը, սարք է արտոնագրել, որն, այսպես կոչված, մոդուլային սմարթֆոն է, որի մասերը օգտատերը կարող է սեփական ցանկությամբ փոխել, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Business Insider-ին:
Հաղորդվում է, որ նման գաջեթ մշակում է Facebook-ի Building 8 կոչվող գաղտնի ստորաբաժանումը:
Արտոնագրում նկարագրվում է ինչ-որ մոդուլային էլեկտրոնային սարք, որի մեջ մտնում են բարձրախոսը, սենսորային դիսփլեյը, միկրաֆոնը և GPS ազդանշանի ընդունիչը:
Business Insider-ի մասնագետների եզրակացությամբ՝ սոցցանցն արտոնագրել է սեփական մոդուլային սմարթֆոն:
Սարքի ստեղծմամբ զբաղված են այն մասնագետները, որոնք նախկինում Google-ի համար են մոդուլային սմարթֆոն մշակել: Այս նախագիծը, սակայն, այդպես էլ չի իրականացվել: Դրանից բացի, Building 8-ի թիմի մեջ են մտնում նաև Apple և Amazon ընկերությունների նախկին աշխատակիցները:
Facebook-ից դեռ չեն շտապում հայտնել նոր սմարթֆոնի մշակմանն առնչվող ծրագրերի մասին: Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայում գաղտնի ստորաբաժանումը հիմնական ուշադրությունը հատկացնում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի ստեղծմանը: