22/07/2017 12:52
Հայաստանի քաղաքական գործիչները ոչ թե Ռուսաստանի պաշտպաններն են, այլ՝ հայ-ռուսական բարեկամության. Արմեն Աշոտյան
Հայաստանի քաղաքական գործիչները ոչ թե Ռուսաստանի պաշտպաններն են, այլ հայ-ռուսական բարեկամության պաշտպաններն են, այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են, հետևաբար անկախ նրանից, թե ինչպիսի շահագրգիռ կամ միամիտ ընկալումներ կարող են լինել որոշ լրատվամիջոցների կողմից, միանգամից ֆիքսենք՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքական գործիչներ հայ-ռուսական բարեկամության պաշտպաններ են, Ռուսաստանի բազմաթիվ գործիչներ ևս, սակայն կրկնում եմ՝ դա չի վերածվում հայաստանի կողմից Ռուաստանի պաշտպանության», - հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքով՝ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում արտաքին քաղաքական օրակարգերի 100-տոկոսանոց համընկնում: «Բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ոչ մի երկրի հետ Հայաստանը չունի արտաքին քաղաքական օրակարգի բացարձակ նույնական համընկնում», - նկատեց Աշոտյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շուրթերից Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հայտարարություններ չեն եղել, մինչդեռ ՌԴ նախագահը իր ասուլիսներից մեկում այդ մասին խոսել է, Աշոտյանը արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում հիմա այդ հարցը թիվ մեկ խնդիրն է, պետք է պարզապես հիասթափեցնեմ ձեզ»:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական իրական մարտահրավերները այլ են: