22/07/2017 10:28
Հայաստանը բացարձակ առաջատար է 100.000 բնակչին ընկնող Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող դիմումների քանակով. Վահե Գրիգորյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ըստ պետությունների ներկայացված բողոքների վիճակագրությունը: Ինչպես ներկայացնում է իրավաբան, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից և Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների զբաղեցնում է 9 տեղը:
Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և ՄԻԵԴում լուծման սպասող բողոքները 1817-ն են:
«Այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել Հայաստանի արդարադատության համակարգի «ջանքերով»: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների և 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):
Այնուամենայնիվ, այս թվերը ես չեմ առանձնացնի ընդհանուր պատկեր ստանալու համար, քանի որ ՄԻԵԿ 47 անդամ պետությունների շարքում առաջին տեղի համար Հայաստանի հետ «մրցակցող» պետություններից յուրաքանչյուրն ունի նման կոնֆլիկտային զոնաներից գեներացվող (կամ կոնկրետ մեկ տեսակի խնդրի վերաբերյալ կրկնվող հազարավոր դիմումներ: Օր.՝ Հունգարիան, Իտալիան, Ռումինիան) դիմումների խմբաքանակ, որոնք արդարադատության համակարգով չեն անցնում (կամ ֆիլտրվում): Այլ խոսքով, այդպիսի դիմումների առկայությունը միայն արդարադատության համակարգի դեֆեկտի վկայություն չէ, այլ առավելապես այլ (հիմնականում՝ կոնֆլիկտներին վերագրելի) գործոնների:
Այդուհանդերձ, ամենակոպիտ (Հայաստանի կառավարության օգտին նվազեցումներով) հաշվարկներով պատկերը հետևյալն է՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:
Երեկ ես այս վիճակագրությունը փորձեցի պարզեցնել բնակչություն/դիմումների քանակ հարաբերակցության, որպեսզի ընդհանուր պատկեր երևելի լինի խճճված վիճակագրության մեջ (առավել ևս երբ խոսքը վերաբերում է դատական վիճակագրությանը): ՄԻԵԴ դիմում ներկայացնելը միայն օժանդակ և ոչ առաջնային պաշտպանություն է դիտվում մարդու համար: Այս ատյան դիմում են, որպես կանոն ներպետական միջոցների (առաջնայնորեն՝ դատարանների) սպառումից հետո:
ՄԻԵԴ-ի նման միջազգային դատարանում, մարդն իր բողոքում վիճարկում է պետության ողջ համակարգի կողմից իր իրավունքի պաշտպանությունը չապահովելու կամ առհասարակ նման պաշտպանության հնարավորության բացակայության դեմ: Այսինքն, մարդու դիմումը ՄԻԵԴ, նախևառաջ իր բողոքն է (դա դեռ դատարանը հետագայում կորոշի, թե՝ որքանով հիմնավոր) իրավունքի պաշտպանության ողջ համակարգի, բայց նախևառաջ և գերակշռաբար, հենց դատական (կամ արդարադատության) համակարգի դեմ», - իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է փաստաբանը:
Նրա փաստարկմամբ, այս վիճակագրությունը, նշված դիտանկյունից, ի թիվս բազում այլ եզրահանգումների, փաստում է նաև, որ մարդը՝ դիմումատուն, հայաստանյան արդարադատությանը վստահում է, օրինակ՝
«- մոտ 3,5 ԱՆԳԱՄ պակաս, քան ադրբեջանական արդարադատությանը (20 դիմում 100,000 բնակչին), կամ
- մոտ 4,5 ԱՆԳԱՄ պակաս, քան թուրքական արդարադատությանը (16 դիմում 100,000 բնակչին), կամ
- մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նախկին Հարավսլավիայից անկախացած եւ անարդյունավետ դատական համակարգի համբավն ունեցող Մակեդոնիայի արդարադատության համակարգից (17 դիմում 100,000 բնակչին), կամ
- մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նմանապես կոռուպցիայի հետ առնչակցություն ունեցող Ալբանիայի արդարադատության համակարգից (18 դիմում 100,000 բնակչին), կամ
- մոտ 1,5 ԱՆԳԱՄ պակաս քան Ուկրաինայի և Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված եւ բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից յուրաքանչյուրից (43 եւ 50 համապատասխանաբար 100,000 բնակչի շնչով), կամ
- մոտ 12 ԱՆԳԱՄ պակաս քան մարդու իրավունքների ոլորտում բոբո պետություն համարվող ՌԴ-ի (6 դիմում 100,000 բնակչին):
Ինչպես ասում են, անձնական ոչինչ, միայն՝ վիճակագրություն», -եզրափակել է փաստաբանը:
Փաստաբանը հետգրությամբ ընդգծել է.
«Ի դեպ, տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական պաշտոնյան մի անձ է, որը վաղուց արդեն միջազգային իրավական «02» հաղորդաշարի հայտնի հերոս է: Նա, դրանից բացի հայտնի է նաև նրանով, որ երբ նրան մի պետության ներկայացուցիչներ հարց են ուղղել դատական համակարգում կոռուպցիայի մասին, պատասխանել էր, մոտավորապես, որ դա փաստաբաններ են անում, դատավորները կապ չունեն:
Իրեն թվացել էր, որ այս իր պատասխանը իր սենյակից դուրս չէր գալու լույս աշխարհ, իսկ ում որ դա ասում էր միամիտ բույսեր էին, և դա ընդունելու էին հալած յուղի տեղ: Ես արդեն մի անգամ նշել եմ, որ ոչ թե իր ասածն է, որ արժանի է գնահատականի (ի վերջո, չի բացառվում, որ մարդը այդպես էլ մտածի, ինչքան էլ որ սա անհավանական լինի), այլ այն ձեւն ու ոճը, միջոցի ընտրությունը, որ այս ճղճիմ ինտրիգանները ընտրում են իրենց վրա ուղղված պատասխանատվության սլաքներն իրենցից հեռացնելու համար»:
Նկատենք, որ Հայաստանի բարձրագույն դատական պաշտոնյան Վճռաբեկ դատարանի նախագահն է՝ Արմեն Մկրտումյանը: