22/07/2017 11:44
Հրաչյա Հարությունյանի հարազատները նամակ են ուղակելու ՀՀ նախագահին
Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են հուլիսի 24-ին Հարությունյանին ներում շնորհելու և ազատ արձակելու խնդրանքով նամակ ուղարկել Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Հեսա, նամակը գրել, պատրաստել ենք ու երկուշաբթի փոստով կուղարկենք», - ասաց Մարտիրոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Այդ կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, դատապարտյալի փոխանցումից հետո օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: