22/07/2017 12:05
Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր. Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
«Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պատգամավորը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են հուլիսի 24-ին Հարությունյանին ներում շնորհելու և ազատ արձակելու խնդրանքով նամակ ուղարկել Հայաստանի նախագահին:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա իր պատիժը 4 տարի կրել է ՌԴ-ում:
Հուլիսի 20-ին նա տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: