22/07/2017 11:16
Վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին. Շարմազանովի ռեպլիկը՝ Մարուքյանին
ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, Aysor.am-ի հետ զրույցում, արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե որն է Եվրասիական տնտեսական միության այլընտրանքը, ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ուստի, ԵԱՏՄ-ում կարևորը տնտեսական բաղադրիչն է: Երկրորդ` Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշումով ԵՄ-ի հետ ասոցացումից չէր հրաժարվել, ավելին` ԵԱՏՄ չմտնելու նախապայման էլ չի եղել», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԵԱՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանին հնարավորություն տվեց ոչ թե սահմանին թանկ գազ գնել, այլ՝ էժան, որը դրական ազդեց ՀՀ-ի վրա:
«Հայկական գյուղատնտեսական ապրանքները հիմնականում արտահանվում են ԵԱՏՄ երկրներ: ՀՀ տնտեսությունն անհամեմատ ավելի կապված է ԵԱՏՄ անդամ տնտեսության հետ, և մեր ապրանքները մրցունակ են նախ և առաջ ԵԱՏՄ շուկայում», - նշեց նա։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ռեպլիկի տեսքով ևս մեկ արձագանք ունի Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։
«Ամենավերջում մեկ ռեպլիկ Վրաստանի տուրիստների պահով: Կարծում եմ` վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին: Սա էլ իմիջիայլոց: Այ հիմա վերջ», - հավելեց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հայտարարել էին, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը, անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելուն, նշել էր, որ «եթե կան քաղաքական ուժեր, ովքեր ԵՏՄ-ից դուրս գալու կոչեր են անում, ավելի լավ կլինի ոչ թե զգացմունքային հարթության վրա խոսեն, այլ կոնկրետ այլընտրանք առաջարկեն և փաստեր»։
«Ես կարծում եմ՝ Շարմազանովը շատ լավ գիտի, թե որն է եղել և կա Եվրասիական տնտեսական միության այլընտրանքը, և այդ այլընտրանքը արձանագրված է նաև «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներում, որ հաջողության հասնելու պարագայում պետք է վերսկսեին բանակցությունները Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ... Պարոն Շարմազանովը երևի մոռացել է, որ մինչև եվրասիական համաձայնագրի ստորագրումը Հայաստանը ուներ ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ երկրների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի հետ: Այդ առումով ԵՏՄ-ի անայլընտրանք լինելը զարմանալի է, որ փորձ է արվում ներկայացնել իշխանության ներկայացուցիչների կողմից»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկումներին, ասել է Էդմոն Մարուքյանը, ապա հավելել. «Ես չեմ հասկանում՝ զբոսաշրջությունը ինչ կապ ունի ԵՏՄ-ի հետ: Եթե ռուս տուրիստներին նկատի ունեն, ապա դա ԵՏՄ-ի հետ ոչ մի կապ չունի: Մենք Ռուսաստանի համար քայլ ենք կատարել և թույլ ենք տվել ներքին անձնագրերով գալ Հայաստան: Ավելին, ես պարոն Շարմազանովին կհորդորեմ նայել Վրաստանի տուրիզմի թվերին: Դրանք անհամեմատելի են Հայաստանի թվերի հետ»։