23/07/2017 12:09
Կոպենհագենի օրինակով. Սևանա լճի նոր հանրային լողափը առանձնանում է Մարտունու «Ջրահարսի» արձանով
Սևանա լճի հանրային լողափերի թիվն ավելացավ ևս մեկով: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նոր հանրային լողափի բացումով:
Մարզպետ Կարեն Բոթոյանը հայտարարեց, թե Մարտունու շրջանում միակ հանրային լողափն է, որը կառուցվել է մարտունեցիների միջոցներով:
«Պետական ոչ մի միջոց չի եղել, մարտունեցիները հավաքվել են՝ քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ լողափ կառուցել», -ասաց մարզպետը:
Տոնական միջոցառմանը բազմաթիվ հյուրերի թվում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և այլք:
Տոնը սկսվեց Ջրօրհներքի արարողությամբ, այնուհետև ազգային երգ ու պարը ուղեկցվեց տոնական ծեսերով ու խաղերով: Մարզի առանձին համայնքներ տաղավարներում ներկայացել էին Վարդավառի ավանդական ուտեստներով:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշեցին երկու միջոցառում մեկտեղել: «Քանի որ այս շրջանում լողափ չկար, կառուցվեց մարտունեցիների համար, ովքեր կարող են գալ և ընտանեկան միջավայրում հանգստանալ», - ասաց մարզպետը:
Կարեն Բոթոյանը նշեց, թե Վարդավառը Մարտունիում առաձնահատուկ շուքով են նշում, որը հավասարազոր է Նոր տարվա միջոցառմանը:
Ըստ նրա, նման միջոցառումները միտված են աշխուժացնել համայնքային կյանքը, համայնքների հաղորդակցման պայմաններ ստեղծել, ինչպես նաև տուրիստական գրավչություն հաղորդել:
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքը լողափ չուներ և անհրաժեշտություն էր բնակիչների համար հանգստի նման պայմաններ ապահովել: «Մենք լողափ չունեիք, ինչի՞ պետք է գնայինք Գավառ հասնեինք, էնա մենք մեր լողափը կունենանք», - ասաց նա և նշեց, որ խնդիրները քաղաքում շատ են, բայց լուծումներ փորձում են գտնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր միջոցներից:
«Ասֆալտապատում, ծառապատում, լիքը խնդիրներ կան, եթե դրանք չլինեն, կմտածեք, թե գտնվում եք Շվեյցարիայում, բայց մենք մարտական ենք տրամադրվել, որ կամաց-կամաց, հնարավորության սահմաններում բոլոր խնդիրները լուծելու ենք», - ասաց նա:
Ի դեպ, մարտունեցիները փորձել էին կրկնօրինակել Կոպենհագենի ծովափի հայտնի խորհրդանիշերից մեկը` զբոսաշրջիկների շրջանում մեծ հռչակ վայելելող «Ջրահարսի» արձանը՝ Մարտունու «Ջրահարսին» տեղադրելով ոչ թե ջրում, այլ նորաբաց լողափին: