24/07/2017 17:29
Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, հայտարարել է փաստաբանը
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ, ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, փոխանցում է РИА Новости-ն:
2016 թվականի վերջում Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա: Բաքուն նրան ներառել էր «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի հայցը և արտահանձնել Լապշինին:
«Արտահանձնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել: Լապշինի գործով վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ իսկ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Այդ հանդիպումից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս պահին որևէ որոշում այս առնչությամբ չի կայացրել», - փաստաբանի խոսքերը մեջբերում է Trend-ը: