24/07/2017 13:51
Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը և նեոնատոլոգիային:
Համաժողովին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից:
«Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»,- ասել է Արա Բաբլոյանը։
Ծրագրի շրջանակներում ներգրավված բարձրակարգ մասնագետները ժամանակակից սարքավորումների, այդ թվում աչքի շարժական հիվանդանոցի միջոցով հաջողությամբ իրականացնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ բուժսպասարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահովներին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվում են անվճար բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, հայտնաբերվում եւ բուժման համապատասխան ընթացք է տրվում նորածնային անհասության ռետինոպաթիային: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նախաձեռնության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ հայաստանյան թիմի ակնաբույժների լուրջ ներդրումը նախագծին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ղեկավարությամբ: