24/07/2017 11:31
Արձակուրդների հետքերով. Կով էլ եմ պահել, հունձ էլ եմ արել. Արամյանն ամեն ինչ արել է ընտանիքին օգնելու համար
ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դպրոցական ամառային ողջ արձակուրդն անց է կացրել հայրենի գյուղում։
Արամյանը նշում է՝ ճիշտ է, ծնվել ու մեծացել է Երևանում, բայց շատ ուժեղ կապվածություն է ունեցել գյուղի հետ։
«Դպրոցական տարիներին շատ մեծ կապվածություն եմ ունեցել մեր գյուղի՝ Արծվաշենի հետ, որն այսօր, դժբախատաբար, ադրբեջանցիների հսկողության տակ է», - նշում է նա։
Այդ երեք ամսվա ընթացքում Արամյանը հասցրել է և կով պահել, և խոտհունձի գնալ, նաև՝ ընթերցանությամբ զբաղվել։
«Կով էլ ենք պահել հորոխպորս տղու հետ, հովիվների հետ գնացել ենք նաև սարեր, հունձի էլ ենք գանցել, 6-7-րդ դասարանում, հիշում եմ, գերանդիով հունձ էի անում ու դրա համար մեզ վճարում էին, 50 կոպեկ էին տալիս», - հիշում է նախարարը։
Արծվաշենը լավ գրադարան էլ է ունեցել ու Վարդան Արամյանը առիթը բաց չի թողել նաև ընթերացանությամբ զբաղվելու։
«Հիշում եմ նաև, մեր գյուղում կար լավ գրադարան, քանի որ դպրոցում միշտ տալիս էին արտադասարանական ընթերցանություն, անկեղծ ասեմ, մաքուր օդի ու բնության գրկում շատ ավելի լավ է կարդացվում, քան՝ գրադարանում, գրքերը վերցնում էինք, գնում էինք գետի ափ», - հիշում է Արամյանը։
Նա ցավով է նշում, որ ուսանողական տարիներին այլևս գյուղ գնալու հնարավորություն չի ունեցել։
«Ուսանողությունը մեր բարդ տարիների ժամանակն էր, մի բան, որ փոխվեց, դա այն էր, որ գյուղում արձակուրդները անցկացնելու հնարավորությունից զրկվեցի։ Ուսանողական տարիներին գրեթե միշտ արձակուրդներս անցկացրել եմ Երևանում, հիմնականում ամառային արձակուրդներին զբաղված էինք լինում ինչ-որ մի տեղից գումար վաստակելով՝ ինչ-որ մի ձևով մեր ընտանիքին օգնելու համար», - պատմում է նա։
Հիմա, որպես պաշտոնյա, Արամյանի համար շատ բարդ է հանգիստը կազմակերպելը։
«Բարդ է, որովհետև հանգստին գրեթե ժամանակ չի մնում, ընդամենը մեկ կիրակի օր է մնում, որպեսզի տրամադրեմ ընտանիքիս, անկեղծ ասած, այդ մեկ օրն էլ այնպես է ստացվում, որ ամեն ինչ կուտակվում է», - ասում է նա։
Այնումենայնիվ, կիրակին ընտանիքի ու ընկերների հետ վայելելու առիթը նա բաց չի թողնում։
«Միշտ շաբաթ օրվա երեկոյան ու կիրակի օրերը, լինում է՝ երկու-երեք ժամ ընտանիքիս կամ ընկերներիս հետ բնության գրկում ենք լինում, բնություն սիրում եմ, Սևանի ափին ենք շատ լինում», - նշում է ֆինանսների նախարարը։
Նրա այս տարվա հասանելիք արձակուրդն օգոստոսին է, բայց, կարելի է ասել, որ կիսով չափ արձակուրդ է, որովհետև նախարարը չի կարողանում ամբողջությամբ կտրվել աշխատանքից։
«Հասանելիք արձակուրդս համարյա հնարավոր չի լինում օգտագործել, բայց արդեն օգոստոսին ինձ տրամադրվել է արձակուրդ 14 օրով, անկեղծ ասած, հիմնականում դա օգտագործում եմ, որ ինչ-որ մի կարևորագույն փաստաթուղթ հանգիստ նստեմ, սկզբից մինչև վերջ կարդամ, բայց նաև ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս», - անկեղծանում է Վ. Արամյանը։