24/07/2017 18:09
Դատվում է 6 տուփ «Պառլամենտ» հափշտակելու համար
Լևոն Հովհաննիսյանը կանգնած է դատարանի առաջ «Պրես ստենդ» ընկերությանը պատկանող կրպակներից ընդհանուր առմամբ 6 տուփ ծխախոտ գողանալու համար:
Մասնավորապես Aysor.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հունիսի սկզբին Լևոն Հովհաննիսյանը նույն ընկերությանը պատկանող, Գայի պողոտայում գործող կրպակներից մեկի վաճառողուհուց խնդրել է 2 տուփ «Պառլամենտ» տեսակի ծխախոտ և մեկ կրակայրիչ:
Երբ վաճառողուհին տվել է ծխախոտը, Հովհաննիսյանը հափշտակել է դրանք ու դիմել փախուստի՝ պատճառելով 1920 դրամի վնաս:
Նույնը կրկնվել է ավելի ուշ. Հունիսի 19-ին Լևոնը նույն ընկերության մեկ այլ կրպակի վաճառողուհուց խնդրել է 4 տուփ «Պառլամենտ», հարցրել գինը, ստացել և երբ պետք է վճարեր՝ օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, փախել՝ պատճառելով 3400 դրամի վնաս:
Լևոն Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «խոշոր չափերով կողոպուտը»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, դատավոր Սերգեյ Մարաբյանի վարույթում: