24/07/2017 18:34
Հայաստանի ոստիկանությունը աբորիգենների մի համակարգ է. իրավապաշտպան
Իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ Հայաստանում հասարակությունը չունի վստահություն և գիտակցություն, որ ոստիկանն իր պաշտպանն է:
«Ո՛չ լրագրողը և ո՛չ էլ հանրությունը չունի գիտակցություն կամ տեսլական, որ ոստիկանությունը մարդկանց պաշտպան է: Նրանք հեղինակություն չունեն հանրության շրջանում, նրանք հեղինակազրկված են», - «Ազատության» եթերում հայտարարել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով` այս «իրավապահ համակարգերը նկուղում, անպաշտպան, ձեռքերը շղթայած մարդուն ծեծում են»:
«Սա աբորիգենների մի համակարգ է, որը ընդունակ է նման բանի», - հայտարարել է Ալեքսանյանը՝ նկատի ունենալով դատարանի նկուղում «Սասնա ծռերի» անդամների ու, մասնավորապես, Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված բռնությունը:
Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով փաստաբանների նկատմամբ ճնշումներին՝ Ալեքսանյանն ասել է, որ այդ փաստաբանները սկզբունքային անձինք են ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներով փորձում են ազդեցություն ունենալ:
«Եվ «Սասնա ծռերի», և Սեֆիլյանի գործով դատավորները անպատրաստ դատավորներ են ու այս ամենը ծաղրուծանակի է ենթարկում Հայաստանի դատական համակարգը: Ես գիտեմ դատավորներ, որոնք շատ անհարմար են իրենց զգում ստեղծված վիճակի համար, իրենց նսեմացած են զգում դատավորի կոչումի համար», - հավելել է Ալեքսանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ մեկուսացնեն փաստաբաններին, որպես պաշտպաններ՝ կցելով հանրային պաշտպանների:
«Սա ցույց կտա Արա Զոհրաբյանի դեմքը: Ես սա խայտառակություն եմ համարում, անհարիր է սա Փաստաբանների պալատին», - նշել է Ժաննա Ալեքսանյանը: