24/07/2017 14:59
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է լինել դեկտեմբերին. Սրբազանը հավանական թեկնածուներին է նշել
Այս օրերին Հայաստանում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ մասնակցելու մի ձեռնադրության արարողությանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հայ Ձայն» պարբերականի հետ զրույցում Պոլսո պատրիարքական տեղապահը հայտնել է, որ պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները հանգիստ հունով են ընթանում, մասնավորապես, անդրադառնալով վերջերս կազմված և պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռարկ մարմնի գործունեությանը՝ նշել է, որ այդ կառույցի կազմավորումը դրական է գնահատում և տեսնում է, որ դրանում խելացի մարդիկ կան ընդգրկված:
Լրատվամիջոցի հարցին, թե համայնքում արդյոք դեռ կա նախկին լարվածությունը պատրիարքական հարցերի շուրջ, Գարեգին Բեքչյանն ասել է.
«Ո՛չ, թուլացել է այդ լարվածությունը: Հանդարտ է իրավիճակը, քան առաջ էր: Ես ինքս էլ հանդարտ մարդ եմ, այդ էլ է օգնում, որ իրավիճակը լարված չլինի: Աշխատում են: Ժողովները լավ անցան: Նախաձեռարկ մարմնի աշխատանքները շարունակվում են, ես չեմ մասնակցում, անհրաժեշտ չէ իմ ներկայությունը: Այլ հարցեր կան, որոնցով զբաղված եմ, հիմա այստեղ եկա, հետո գործով Ֆրանսիա պիտի գնամ»:
Նա նաև տեղեկացրել է, որ այս ընթացքով հավանաբար դեպտեմբերին տեղի կունենա պատրիարքի ընտրությունը: Ըստ նրա՝ ավելի շուտ հնարավոր չէ, քանի որ մինչև հոկտեմբեր հազիվ կարողանան ընտրական ցանկերը պատրաստել, որոնք խառն են, ժամանակ է պահանջվում, հետո պատրիարքարանը կորոշի ընտրության անցկացման օրը, կդիմի պետության հավանությունը ստանալու, պետությունն էլ կվավերացնի:
Խոսելով թեկնածուների մասին՝ Գարեգին արք. Բեքչյանն ասել է, որ մինչև հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ:
«Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս և ժողովրդին ծանոթացնենք նրանց:
Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սևան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի», - ասաց մեր զրուցակիցը:
Սրբազանը նաև հայտնել է, որ Պոլսո պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին, որը գոհ է եղել աշխատանքներից. «Խաղաղությամբ լուծենք այս հարցը», - ասել է Գարեգին արք. Բեքչյանը: