24/07/2017 12:41
Սկարամուչչին սխալ է մեկնաբանել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Թրամփի դիրքորոշումը
Սպիտակ տան հաղորդակցության գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուչչին կիրակի խոստովանել է, որ սխալ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ, գրում է New York Times-ը, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Սկարամուչին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը շուտով որոշում կկայացնի նշված փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, եթե այն արժանանա Կոնգրեսի երկու պալատների հավանությանը: Նա նաև հիշեցրել է, որ միայն վերջերս է Սպիտակ տանը պաշտոն ստանձնել:
Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ABC-ի եթերում հայտարարել է, որ Թրամփը սատարում է այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ «օրինագծի նախնական տարբերակի տեքստը վատ է գրված եղել», բայց վարչակազմին հաջողվել է «անհրաժեշտ փոփոխություններ կատարել»:
Դրանից հետո New York Times-ի լրագրողները Սկարամուչիին խնդրել են պարզաբանել, թե այս երկու հայտարարություններից (իր և Սանդերսի) որն է ավելի շատ համապատասխանում իրականությանը: Ի պատասխան նա բջջային հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սխալն է: Հետեւեք նրան, ինչ ասում է Սառան: Ինձ համար տեղեկությունը նոր է»: