24/07/2017 17:10
Քաղաքապետարանն ԱԻՆ-ի հետ համատեղ ուսումնասիրելու է կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանացի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաև բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները և անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: