24/07/2017 18:40
Հուլիսի 29-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին:
Քաղաքապետը հանձնարարել է ևս մեկ անգամ իրազեկել և ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների և շահագրգիռ բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառմանը:
«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր համաքաղաքացիներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին: Տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը: Իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր բոլոր սրտացավ երևանցիներին, ովքեր ուզում են Երևանը տեսնել մաքուր, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին», - նշել է Տարոն Մարգարյանը: