25/07/2017 16:26
Մեր պատասխանատվությունը երեխային ոչ միայն երջանիկ մանկություն, այլև՝ ապագա ապահովելն է. Արա Բաբլոյանը Գավառում էր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Գեղարքունիքի մարզում էր։
Արա Բաբլոյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ այցելեց «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի՝ Գավառ քաղաքի մասնաճյուղ՝ Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոն։
«Մենք գիտենք, որ, ցավոք, երեխաներ կան, որոնք ծնվում են խնդիրներով ու այդ խնդիրներն առաջացնում են պայմաններ, որ երեխան ունենում է դժվարություններ, դրա համար պետությունն ու տարբեր կազմակերպություններ միավորվել են, որպեսզի կարողանան ստեղծել ծրագիր նման երեխաների համար ներառական ծառայություններ կազմակերպելու համար, որ երեխաները կարողանան հետագայում իրենց տեղն ունենան մեր հասարակության մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Գավառում Արա Բաբլոյանի հաջորդ կանգառը նոր կառուցվող N5 ներառական մանկապարտեզն էր։
Մանկապարտեզն ամբողջությամբ հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
«Մանկապարտեզը վերակառուցվում է, ուժեղացվում է, ինը բալի է հասցվում, այսօր վեց բալին համարժեք շենք է», -լրագրողներին ասաց մանկապարտեզում շինարարական աշխատանքներ կատարող ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը։
Մանկարապարտեզի վերակառուցման համար նախատեսված է 142 միլիոն դրամ։ Շինաշխատանքների ֆինանսական մասի 72 տոկոսը հոգալու է Հայաստանի զարգացման հիմնադրամը, իսկ 28 տոկսը՝ պետությունը։
«Շինարարությունն ավարտվելու է մեկ տարում, 365 օր է տրվել մեզ», - նշեց Ս. Խաչատրյանը։
Արա Բաբլոյանը եղավ նաև Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա։
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշեց՝ ամեն ինչ մանկատանը նորմալ հունով է ընթանում, բայց տղաների հետ կապված խնդիր ունեն։
«Աղջիկներին եթե ինչ-որ տեղ մի հարց ենք լուծում, 18-ից հետո գնում են Էջմիածնի «Մեր տունը», ապա տղաների առումով շատ լուրջ խնդիր կա, պարոն Բաբլոյան, մոտ օրերս ուզում եմ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին էլ այս հարցով դիմեմ, որ բանակից գալիս են ու էս երեխեքը տեղ չունեն», - ասաց Նալբանդյանը։
Արա Բաբոլյանն էլ ասաց, որ սոցապնախարարի հետ հանդիպում է նախատեսված. կքննարկվի նաև այս հարցը։
«Մեր պատասխանատվությունը երեխայի իրավունքի առումով ոչ միայն իրեն երջանիկ մանկություն ապահովելն է, այլև իր ապագան ապահովելն է։ Մենք համ երջանիկ մանկություն նրա համար պետք է ապահովենք, համ էլ ապագան նախատեսենք», - ասաց ԱԺ նախագահը։