25/07/2017 16:50
Հաշմանդամության կարգ ստանալու համար փորձաքննությունները լինելու են բացառապես փաստաթղթային կարգով
Հաշմանդամության կարգ ստանալու համար հիվանդությունների դեպքերի մասով սահմանվելու է բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննություն, այդ մասին Ազատության եթերում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այն բոլոր հիվանդության դեպքերը, որոնք անդառնալի կորստի են բերել կենսագործունեության սահմանափակման, սահմանելու ենք դրանց բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննությունը, որը, մեր վերլուծությունների գնահատմամբ, կազմելու է փորձաքննությունների 30-40%-ը, այդ պարագայում ուղղակի որևէ այլ գործողություն հնարավոր չի լինի, որովհետև եթե կա պատկերը, ապա կլինի համապատասխան որոշում», - նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ նաև հստակեցվելու է տարբեր գործող անձանց և մարմինների պատասխանատվությունների տարանջատումը այս գործընթացում, որը կնվազեցնի այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը:
Բացի այդ, նախարարը քաղաքացիներին կոչ արեց, որպեսզի վերջիններս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս ոլորտում՝ փորձաքննության ընթացքում ներգրավելով իրենց անկախ բժիշկ-փորձագետին, նաև հասարակական կազմակերպություններին:
«Երբ մենք ախտորոշում ենք խնդիրը, հասկանում ենք, որ ունենք օրենսդրական խնդիրներ, այսինքն՝ հայեցողական լիազորություններ, և սրանք իսկապես պետք է հնարավորինս նվազեցվի, սահմանափակվի, որպեսզի որոշում կայացնող անձը չկարողանա նույն դեպքի վերաբերյալ նույն պայմաններում տարբեր որոշումներ կայացնել: Մյուս կողմից, մենք նաև պետք է ունենանք մեր քաղաքացիների համագործակցությունը այս ուղղությամբ», - եզրափակեց նա: