25/07/2017 12:37
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի պայքարի Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի համար
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի պատրաստվում առաջադրվել Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրություններում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Արթենյանը:
«Նրա հայրը եղել է Պոլսից, բայց Սրբազանը չի պատրաստվում լինել թեկնածու Պոլսո Հայոց Պատրիարքական ընտրություններում», -արքեպիսկոպոսի խոսքը փոխանցեց քահանան:
Նշենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրություններում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ հավանական թեկնածու լինելու մասին նախօրեին հայտարարել էր Պոլսո Հայոց Պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին Հայաստանում է:
«Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս և ժողովրդին ծանոթացնենք նրանց: Այդպիսի մի յոթ-ութ հոգի կա: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սևան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի», - ասել էր Բեքչյանը: