25/07/2017 14:19
Սոցաջակցության մասին օրենքով անօթևանների կացարանում իրավունք չունեն բնակվել հինգ կատեգորիայի մարդիկ
Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում ապրում է Մելանյա անունով անօթևան մի կին, ով լուրջ հոգեկան խնդիրներ ունի, այդ պատճառով էլ վերջինիս չեն ընդունում տվյալ անձանց համար նախատեսված կացարանում: Ապրելով այդտեղ՝ այստեղ հակասանիտարական պայմաններ են ստեղվծվում, նա իր բազմաթիվ շներով վտանգ է ներկայացնում նաև քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:
«2014 թվականից 4-րդ գյուղին կից անօթևանների կացարանը միացվեց մեր բարեգործական կազմակերպությանը. հիմա պահում ենք մոտ 100 անօթևան: Սոցաջակցության մասին օրենքով անօթևանների կացարանում իրավունք չունեն բնակվելու հինգ կատեգորիայի մարդիկ՝ հոգեկան, թոքախտով, հեպատիտ C-ով, մաշկային և վեներական հիվանդություններով անձիք: Մենք այդ մարդկանց իրավունք չունենք ընդունելու, քանի որ իրենք ռիսկային են և կարող են վարակել կացարանի բնակիչներին», - ասաց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Սոցապնախարարությունում և Կառավարությունում քննարկման է դրվել մի բաշխիչ կենտրոնի բացման հարց, որը տվյալ կատեգորիայի մարդկանց կտրամադրի ժամանակավոր օթևան, որից հետո, պարզելով վերջիններիս առողջական խնդիրները, կուղղորդի համապատասխան բժշկական հաստատություն:
Թեքեյան հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ներկայացնելով օղակաձև այգում բնակվող կնոջ խնդիրը, ասաց, որ նա ժամանակ առ ժամանակ բնակվում է նաև իրենց հիմնադրամի հարակից տարածքում: Ա. Ծուլիկյանն ասաց, որ այդ կնոջը ոչ մի վայրում երկար չեն պահում, քանի որ օրենքը թույլ չի տալիս նման մարդկանց հոգեբուժարաններում 22 օրից ավելի պահել:
Նրա խոսքով՝ ձմռանը ինքն անձամբ զբաղվել է այդ կնոջը հոգեբուժարան ուղարկելու կազմակերպչական հարցերով, որից հետո աղտազերծել են ծայրահեղ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմաններում գտնվող հասարակական հատվածը, սակայն վերջերս այդ կինը վերադարձել է:
«Չնայած նրան, որ մեր կենտրոնի գործառույթներն այլ են, բազմիցս ենք զբաղվել այդ կնոջ խնդիրներով, հիմա էլ հետաքրքվել ենք՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում կարող են նրան ապաստարան տալ, սակայն բազմաթիվ թղթաբանական և փաստաթղթային հարցեր կան, որոնք թույլ չեն տալիս այդ ամենը կազմակերպել», - նշեց Ա. Ծուլիկյանը:
Բանախոսները նշեցին, որ այդ անօթևան կնոջ օրինակը միակը չէ, քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում նման խնդիրներով մարդիկ շատ են, որոնց հարցը պահանջում է հրատապ լուծում, քանի որ վերջիններս վտանգ են ներկայացնում հասարակության համար: