26/07/2017 14:54
«Հայանտառ»-ը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառհատումները կանխելու ուղղությամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է` չնայած շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներին, արձանագրվում են ապօրինի անտառհատումների դեպքեր, ինչը հաշվի առնելով, համագործակցելով պատկան մարմինների հետ, ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառհատումները կանխելու, օրինազանցներին օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու, պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում անտառկառավարման և անտառպահպանման նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ, այդ թվում՝ անօրինական ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նկատված բացերի լրացման համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ապօրինի ծառահատումներից, խուսափել անտառային տարածքներում անօրինական գործողություններից, հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, խուսափել արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից, անտառներում պահպանել սանիտարական պատշաճ մակարդակ: