26/07/2017 10:59
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ, հայտնում է ТАСС-ը:
Օրինագծի ընդունման օգտին տրվել է 419 ձայն, դեմ՝ 3:
Այժմ փաստաթուղթը պետք է քննարկեն Սենատում: Սպասվում է, որ վերին պալատը նույնպես կընդունի այդ օրինագիծը, որը Կապիտոլիումի բլրին վայելում է ինչեպս Դեմոկրատական, այնպես էլ կառավարող Հանրապետական կուսակցության լայն պաշտպանությունը: Այնուհետեւ փաստաթուղթը, որն ստացել է «Օրենք պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» անվանումը, կդրվի Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին:
Սպիտակ տունը վերջին օրերին ազդանշաններ էր տալիս, թե Թրամփը պատրաստ է ստորագրելու այդ օրինագիծը: Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները Ներկայացուցիչների պալատի կողմից սկզբնապես մշակվել էին առանձին, բայց վերջին պահին միացվել են հակառուսական պատժամիջոցների փաստաթղթին: