26/07/2017 18:08
«Մեր ոսկին մեր բնությունն է». Արդվի գյուղում ոսկու արդյունահանում առայժմ չի իրականացվի. Լուսանկարներ
Այսօր Լոռու մարզի Արդվի գյուղում նախատեսված ոսկու արդյունահանման ծրագրի հանրային քննարկումը տապալվել է. «Մեր ոսկին մեր բնությունն է», «Հեռու մեր գյուղից» գրություններով պաստառներով գյուղացիները, այդ թվում՝ երեխաներ, դուրս էին եկել բողոքի՝ ընդդիմանալով գյուղում ոսկու արդյունահանման ծրագրին:
Ցուցարար գյուղացիները առավոտյան դուրս էին եկել ու փակել գյուղ տանող միակ ճանապարհը:
Այսօր գյուղում պետք է տեղի ունենային հանրային լսումներ հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ, սակայն բողոքի դուրս եկած գյուղացիները փակել էին ճանապարհը ու քննարկման մասնակիցները, որոնք բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ էին, չկարողացան մուտք գործել գյուղ:
Բացի այդ, քննարկմանը պետք է մանսակցեին նաև Արդվիում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու հայտ ներկայացրած «Միռամ» ընկերության ներկայացուցիչները:
Գյուղացիների կողքին, սակայն, այսօր չի եղել գյուղապետ Սամվել Կիրակոսյանը: Նա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր «կարևոր գործով» եղել է Երևանում և չի մասնակցել ցույցին, բայց վստահեցրեց, որ ինքն իր ժողովրդի կողքին է:
«Ամեն ինչ նորմալ ա, ասել են, որ ոսկու հանք չենք ուզում, հարցը փակվել ա»,- ասաց գյուղապետը:
Մեր հարցին, թե գյուղապետն արդյոք պաշտպանո՞ւմ է բնակիչների տեսակետը, Կիրակոսյանը պատասխանեց հարցով.
«Իսկ ի՞նչ եք կարծում խելոք գյուղապետը չի՞ պաշտպանի գյուղացիների շահերը: Առայժմ մերժել ենք այդ ծրագիրը և ոսկու արդյունահանում չի լինի: Ընդհանուր, մեր գյուղով մենք դեմ ենք»:
Նկատենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը ԱԺ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին առնչվող ընկերության գաղափարն է: