26/07/2017 12:00
Մոսկվաբնակ ռեժիսոր Արիկ Մանուկյանը՝ ԱՄԷ-ում իր ձերբակալության մասին
Մայիսի վերջից ազգությամբ հայ ռուսաստանաբնակ ռեժիսոր Արիկ Մանուկյանը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղի ոստիկանության անմիջական հսկողության տակ: Պատճառը հարազատնեից մեկի՝ Աբու Դաբիում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը անօդաչու թռչող սարքով նկարահանելն է, ինչը, փաստորեն, ԱՄԷ-ում առանց թույլտվության արգելված է:
Ռեժիսորին, նրա եղբորն ու փեսացուի ազգականին ձերբակալել, 6 օր պահել են բանտախցում՝ առգրավելով անձնագրերն ու հեռախոսները: 6 օր անց որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
«Մենք նկարահանումներն արել ենք իրենց գլխավոր մզկիթի շրջակայքում, որը, փաստորեն, պետական օբյեկտ է համարվում: Այնտեղ կվադրոկոպտերներով նկարահանումներն արգելված են, իսկ մենք այդ նրբություններին, օրենքին չէինք տիրապետում: Նաև տեղյակ չէինք, որ այս երկրում այդքան խիստ է, այլապես կզգուշանայինք: Նկարահանումներից հետո մեզ մոտեցավ մզկիթի հսկիչը՝ խնդրելով հետևել իրեն: Պարզվեց, որ այդտեղ են հրավիրվել նաև ոստիկանության աշխատակիցները, ովքեր էլ մեզ ուղեկցեցին բաժին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արիկ Մանուկյանը:
Սա այդ երկրում տուրիստների հետ տեղի ունեցած նմանատիպ առաջին դեպքը չէ: Հարցին՝ արդյոք այնտեղ նաև տուրիստների համար օրենքն այնքան խիստ է, որ հնարավոր չէր միայն բացատրագիր վերցնելով` ազատ արձակել նրանց, պատասխանեց.
«Նման բաներ շատ են եղել չիմացության պատճառով: Մարդիկ 2 ամիս բանտում են մնացել, 4 ամիս էլ սպասել են, մինչև իրենց գործը փակվի: Իսկապես, կարելի էր առավել ներողամիտ լինել, հատկապես, որ մենք առաջին անգամ ենք գտնվում Էմիրաթներում»:
Ռեժիսորը, նրա եղբայրն ու ազգականն այժմ բնակվում են իրենց հյուրընկալողների՝ Դուբայի բնակարանում՝ սպասելով դատավճռին: Դատական գործը կքննվի Աբու Դաբիում: Դեռևս օր ու ժամ չի նշանակվել, ինչն էլ անորոշություն է առաջացնում մեղադրվողների մոտ:
«Մենք ազատ ենք, կարող ենք հանգիստ դուրս գալ քաղաք, շրջել, բայց երկրից դուրս գալ չենք կարող: Մեր փաստաթղթերը գտնվում են այն դատարանի բանտում, որտեղ անցկացրել ենք մի քանի օր, ու մեր գործն այնտեղ պետք է փակեն: Հուսով ենք՝ գոնե այս հրապարակումներն ինչ-որ բան կփոխեն, քանի որ մեր գործն, իսկապես, շատ հասարակ գործ է ու ավելորդ տեղը շատ են պահում, ինչը սխալ է: Մեզ միայն մնում է սպասել դատին, ուրիշ ոչինչ չենք կարող անել: Հուսով ենք, որ մի քիչ կարագացնեն, գործը շուտ կփակեն ու կկարողանանք վերադառնալ մեր հարազատների, ծնողների մոտ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ռեժիսորը: