26/07/2017 16:51
Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով հնարավորություն է տրվում պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տված անձանց:
«Իմ կողմից շրջանառության մեջ է դրվել ‹‹Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից:
Մասնավորապես, բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ:
Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռևս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ և հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, և ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները»,- իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Ա. Հովհաննիսյանը: