26/07/2017 14:08
Եկել է ժամանակը, երբ քննադատելուց բացի, ՀԿ-ները ձեռք մեկնեն խնդիրները լուծելու համար. Կարեն Զադոյան
Քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողություններն ուժեղացնելու և նրանցազդեցիկ դարձնելու նպատակով «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներ են անցկացվում քաղհասարակության կազմակերպությունների համար:
Հուլիսի 25-ին Իջևան Տավուշի մարզի ՔՀԿ- ների ներկայացուցիչներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրել է նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը, տեղեկացնում են ասոցիացիայից:
Ըստ աղբյուրի, Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ կարևորելով կառուցողական երկխոսության դերը.
«Բոլոր բարեփոխումները կարող ենք կյանքի կոչել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն։ Եկել է ժամանակը, երբ քննադատելուց բացի ՀԿ-ները իրենց կարողությունների ներածին չափով ձեռք մեկնեն՝ վերհանված խնդիրները լուծելու հարցում։ Մեր կազմակերպությունը ոչ միայն խնդիրներն է տեսնում ու քննադատում, այլև համապատասխան փորձագիտական ներուժ տրամադրում՝ հանարային քաղաքականությունների փոփոխությունների կատարման նպատակով»:
Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորել է Հայաստանում և հատկապես Տավուշի մարզում Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեությունը, որը շուրջ 15 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղությամբ. «Կան շատ լծակներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է իր ձեռքում պահել՝ հօգուտ մեր հասարակության: Մենք հուսով ենք, որ ԻՀԱ-ն կշարունակի ակտիվ աշխատանքներն այստեղ»:
«Տավուշի մարզում քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ չէ», -կարծիք է հայտնել «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմիլիա Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների խորացման պահանջ կա հատկապես այս մարզում։
Միևնույն ժամանակ կարծիքներ են հնչել, որ երիտասարդները հետաքրքրություն են դրսևորում տարբեր ծրագրերում ներգրավվելու և աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կարող է հեղափոխական ազդեցություն ունենալ իրենց մարզում: