26/07/2017 14:46
Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 միլիարդ դրամի վարկեր. գյուղատնտեսության փոխնախարար
2017 թվականի հուլիսի 26-ի դրությամբ վաճառվել է 65 միավոր գյուղտեխնիկա, որից՝ 29 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին։
«Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այդ ծրագրով տեխնիկան տրամադրվում է 9 տոկոսով, որի 7 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել փաստացի 5, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
«Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 մլրդ դրամի վարկեր, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 10 մլրդ դրամի: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային: Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել կարճաժամկետ դասընթացներ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, որոնք ուղղված կլինեն ագրոտեխնիկայի կանոնների իմացության մակարդակի, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, որին մասնակցելուց և հավաստագիրը ստանալուց հետո, գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները հնարավորություն կունենան դիմել բանկերին կամ վարկային կազմակերպություններին՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր ստանալու համար»,-նշեց Ռ. Մակարյանը։
Ներկայացնելով նոր ծրագրերը, փոխնախարարը նշեց , որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է իրականացնել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում մատչելի վարկեր կտրամադրվեն շահառուներին:
Ռոբերտ Մակարյանը կոչ արեց բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք ոլորտում փորձառություն ունեն, առաջարկներ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` (+37411) 523 411 հեսախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև օգոստոսի 8-ը` ժամը 18:00-ն ներառյալ:
Նշենք, որ մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով շուտով կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:
Փոխնախարարի պարզաբանմամբ` վարկի գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն, որպեսզի վերամշակողներն այն այլ նպատակներով ծախսելու հնարավորություն չունենան: