26/07/2017 13:26
Մարզպետի խորհրդականին տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել. Մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։