26/07/2017 13:37
Անհրաժեշտ է փոխել հասարակական տրանսպորտի սեփականության ձևը. Արմեն Պողոսյան
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ՀՀ քաղաքային իշխանություններին առաջարկում է փոխել տրանսպորտի սեփականության ձևը, որպեսզի լուծվեն ոլորտում առկա լուրջ խնդիրները:
«Մենք ուզում ենք սեփականության ձևը փոխենք, այսինքն՝ ստեղծլ Բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես, օրինակ, Պրահայում, Լոնդոնում է կամ Բեռլինում. Բաժնետիրական ընկերությունն ունի ներդրումների կամ բաժնետոմսերի երկու մաս, որի մի մասը պատկանում է քաղաքապետարանին, իսկ մյուսը՝ էլի նույն իրենցն է», - նշեց բանախոսը:
Նրա խոսքով՝ նախկինում 49 միկրոավտոբուս ունեցող գծատերը, շրջանցելով հարկերը, կարողանում էր ստացած եկամուտի 50 տոկոսը դնել գրպանը, իսկ հիմա, եթե իր առաջարկն ընդունվի, կունենա այդ ԲԲԸ-ի 5 տոկոսի բաժնեմաս, այսինքն՝ 5 տոկոսի դիվիդենտ, որը կնվազեցնի հարկերից խուսափումը:
Բանախոսը ներկայացրեց, որ տրանսպորտի ոլորտում Բրիտանական WYG International limited ընկերության կողմից Հայաստանում արվել է ոլորտային ուսումնասիրություն և կազմվել է համապատասխան փոփոխությունների փաթեթ, որի համաձայն քաղաքի կենտրոնական հատվածներում կլինեն տրանպորտային հանգույցներ, որպեսզի, օրինակ, ծայրամասերից եկող քաղաքացին, կենտրոն գալով, փոխի տրանսպորտը և քայլելու հեռավորությունը կրճատի:
Հարցին՝ արդյոք կփոփոխվեն սակագները, բանախոսը նշեց, որ իրեն նման մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն, տրամաբանորեն, փոխվելու են և հնարավոր է ներդրվի ընդհանուր տոմսերի գաղափարը, որը արդեն վաղուց գործում է եվրոպական երկրներում: