27/07/2017 10:23
Թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնին մեկ անձ է հավակնում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, ինչպես հայտնել ենք, մրցույթ է հայտարարվել: Մինչ այս պահը, ինչպես տեղեկացանք դպրոցի ադմինիստրացիայից, տնօրենի պաշտոնին 1 հայտատու է հավակնում՝ նույն դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Լիլիա Պողոսյանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է: Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք, որ հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանը, ի դեպ, համարվում է Ստեփանյանի մտերիմներից: Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այս ընթացքում այլ հայտեր էլ ներկայացվեն, դպրոցի խորհուրդը նրան է ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։