27/07/2017 14:01
Ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է «ապտակ հասցնի» Իրանին
ԱՄՆ-ն չպետք է «ապտակ հասցնի» Իրանին և երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, քանի որ Թեհրանը կատարում է միջուկային գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունները, РИА Новости-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Դունկանը:
Դունկանը Ներկայացուցիչների պալատի երեք անդամներից մեկն է, ով դեմ է քվեարկել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի նախագծին: Պատժամիջոցներին կողմ էր քվեարկել 419 կոնգրեսական, այսինքն՝ մեծամասնությունը:
«Նախօրեին ես դեմ եմ քվեարկել Ռուսաստանի և Իրանի դեմ գոյություն ունեցող պատժամիջոցների խստացման օրենքի նախագծին: Մինչ այդ ես քվեարկել եմ Իրանի դեմ նախնական պատժամիջոցներ սահմանելու օգտին, բայց ես չէի կարծում, որ դրանք պետք է ընդլայնվեին, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարությունը երկու անգամ հաստատել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի կողմից միջուկային ծրագրի հարցով համաձայնագրերի դրույթների պահպանումը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է «ապտակի» Իրանին այն ժամանակ, «երբ նրանք անում են այն, ինչ մենք նրանցից ուզում ենք»: