27/07/2017 15:09
Արա Բաբլոյանն ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին:
Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, կարևորել է բարեկամական խմբերի գործունեությունն ու փոխայցերը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաև միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած և զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: