27/07/2017 13:19
Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում. Վարդան Արամյան
Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«2008 թվականից, երբ որ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,- նշեց նա։
Հարցին՝ ի՞նչ է սա տալիս մեզ, նախարարը պատասխանեց՝ «երբ որ տնտեսվարողները որոշումներ են կայացնում, նրանք նայում են հարկման դաշտն ու դա նրանց համար կարևոր է»։
«Այն երկրները, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, մենք մշտապես ամերիկյան մեր գործընեկերների հետ այս հարցը քննարկում ենք»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ Հայաստանը օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր Իսրայելի հետ ստորագրեց։
«Ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է: Այսօր ունենք 46 երկիր, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-ը, հուսով ենք, որ Միացյալ նահանգները հաջորդը կլինի»,- նշեց Վարդան Արամյանը։
Թե ի՞նչ ժամկետներում Հայաստանը կունենան ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր, Ֆինանսների նախարարը նշեց՝ «բարդ է ասել»։
«Կարծում եմ, որ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք անելու, որովհետև այս հարցը, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի քան 20 տարի է՝ քննարկվում է»,- նշեց նախարարը։
Վարդան Արամյանն ընդգծեց՝ այս հարցում ամերիկյան կողմն ունի իր փաստարկները։
«Ներկա դրությմաբ գործում է նաև նախկին՝ Խորհրդային միության ու Միացյալ Նահանգների միջև գործող համաձայնագիրը, մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ ՏՀԶԿ-ի կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ՝ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միությանը իրավահաջորդ»,- նշեց նա։
Արամյանի խոսքով՝ Հայաստանը չի կիսում այս կարծիքը։
«Մեր հակափաստարկն այն է, որ, կարծում ենք, այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնգրի բացառումը կարող է նաև խոչընդոտել, որպեսզի տնտեսվարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստք՝ այսինքն դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսվարող ներդրում կատարելուց պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն»,- ավելացրեց Ֆինանսների նախարարը։