27/07/2017 16:10
Երևանում երթևեկության միասնական նոր ցանցը, ծածկելով ողջ քաղաքը, կապահովի արդյունավետ ուղևորափոխադրումներ. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ընդգրկված է քաղաքապետարանում գործող, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի գլխավորությամբ աշխատանքային խմբում, որտեղ քննարկման է դրված բրիտանական WYG International limited կազմակերպության կողմից ներկայացված Երևանում տրանսպորտի միասնական ցանց ստեղծելու վերաբերյալ առաջարկությունների փաստաթղթերի փաթեթը:
Վերջինս մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց այդ կազմակերպության կողմից առաջարկած լուծումների վերաբերյալ, մասնավորապես, պատմեց, թե ինչպիսի օպտիմալ լուծումներ է առաջարկել այդ ընկերությունը՝ լուծելու համար Երևանում եղած տրանսպորտային խնդիրները և խցանումները:
Ըստ նրա՝ միասնական ցանցի նախնական պատկերը, որը դեռևս փորձարկված չէ, հետևյալ տեսքն ունի. այն իրենից ենթադրում է հիմնական և սնուցող գծերի միջոցով ցանց, այսինքն՝ լինելու են հիմնական գծեր, որոնք իրականացնելու են տեղափոխություն վարչական շրջանների միջև, իսկ սնուցող գծերը ապահովելու են հիմնական գծերի ուղևորափոխադրումները:
«Ենթադրենք՝ կա Նոր Նորքից դեպի կենտրոն մի ուղևորագիծ, որն, անցնում է Գայի պողոտայով, իսկ դուք բնակվում եք 7-րդ, 8-րդ կամ 9-րդ զանգվածներում, և պարտադիր չէ, որ այդ զանգվածներից ուղիղ, մեկ երթուղայինով գնաք կենտրոն: Սնուցող գծով դուք հասնում եք Գայի պողոտա, ապա այնտեղից, փոխելով տրանսպորտը, հասնում եք արդեն կենտրոն», - որպես օրինակ բերեց մեր զրուցակիցը:
Դավիթ Խաժակյանը նաև թվարկեց այս նախագծի առավելությունները, որոնք նկատելիորեն կբարելավեն տրանսպորտի ոլորտը: Առավելություններից մեկն այն է, որ այս միասնական ցանցը ծածկելու է ողջ քաղաքը, նաև ապահովելու է արդյունավետ ուղևորափոխադրումներ, որպեսզի գծերը չկրկնվեն, ինչպես նաև կարգավորելու է տրանսպորտային չվացուցակները:
«Թիվ մեկ խնդիրը և՛ երթուղայինները, և՛ փողոցները գերծանրաբեռնված վիճակից ազատելն է: Մեր պատկերացմամբ, այս պահին եղած ցանցը շատ անարդյունավետ է. կան ուղևորագծեր, որոնք կրկնում են միմյանց: Այս նոր ցանցը 2-3 անգամ պակասեցնելու է ուղևորագծերի քանակը՝ օպտիմալացնելով դրանք», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է սակագների փոփոխությանը, վերջինս նշեց, որ քաղաքապետարանը պատրաստվում է մրցույթ հայտարարել մեկ միասնական օպերատորի համար, որը և կշահագործի նոր ցանցը:
«Միասնական օպերատորը պետք է ձեռք բերի նաև նոր շարժակազմերը, որովհետև, ակնհայտ է, որ եղած գազելներով հնարավոր չէ պարզապես շարունակել ապահովել մայրաքաղաքի ցանցը: Երբ հաշվարկվի՝ ինչպիսի ներդրումների ծավալ է ենթադրում այս նոր ցանցը, պետք է տեսնենք, գտնվելու է արդյոք այդ մեկ միասնական օպերատորը, որը կհամաձայնի իրականացնել ներդրումներ, ըստ այդմ, կներկայացնի նաև այն արժեքը, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով իրականացնել ուղևորափոխադրումները», - նշեց նա:
Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ Բրիտանական ընկերությունն առաջարկել է 3-4 գանձման տարբերակներ՝ քաղաքի գոտիավորման միջոցով գանձում, ժամանակային, կիլոմետրերով գանձում և այլն, որոնք դեռևս վերոնշյալ աշխատանքային խումբը պետք է քննարկի:
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքն առաջարկել է, որպեսզի լինի ֆիքսված սակագին, որը քաղաքացիների համար ավելի կանխատեսելի կդարձնի տրանսպորտի համար նախատեսված բյուջեի պլանավորումը, իսկ տոմսը պետք է ունենա գործունեության ժամկետ, որով կապահովի տեղփոխը.
«Պայմանականորեն ասած, դուք նստում եք սնուցող գիծ և սկսվում է 30-40 րոպե ժամանակահատված, որի ընթացքում դուք կարող եք իրականացնել տեղփոխ, և այդ րոպեների ընթացքում ձեր տեղփոխի արդյունքում լրացուցիչ տոմս դուք չեք ծախսի. դուք կշրջագայեք այդ մեկ տոմսի շրջանակում»:
Իսկ աշխատանքային խմբի քննարկումներն այդ հարցի շուրջ հավանաբար կվերսկսվեն սեպտեմբերին: