27/07/2017 12:46
Դուք շահագրգռված եք այս գործի ելքով. Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկ հայտնեց «Սասնա ծռերի» գործով դատավորին
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 18 ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործով ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ «ունի ողջամիտ կասկած նրա անաչառության վերաբերյալ»:
Փաստաբանն իր ելույթում հայտարարեց, որ այս գործով դատական նախորդ նիստերին չի կարողացել ներկայանալ՝ մեկ այլ կարևոր դատական գործով ծանրաբեռնված լինելու պատճառով և թեպետ ինքը դատարանին պատշաճ կարգով ծանուցել է, այդուհանդերձ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է շարունակել դատական նիստը:
«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի համաձայն պաշտպանի չներկայանալու և այդ նիստում ամբաստանյալին մեկ այլ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Եվ հաշվի առնելով օրենքի իմպերատիվ պահանջը՝ Թորոս Թորոսյանի պաշտպանի, այսինքն՝ իմ բացակայության դեպքում շարունակել եք իրականացնել դատավարություն, այն դեպքում, երբ նիստը պետք է հետաձգվեր», - հայտարարեց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այսօր էլ նիստին բացակայում են պաշտպաններ, սակայն Գաբրիելյանը իրականացնում է դատավարական գործողություններ:
Ի դեպ, Թորոս Թորոսյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացում, և նա դատարանում չէ:
Փաստաբանը նկատեց, որ այս դատավարության ընթացքում անհիմն սանկցիաներ են կիրառվում ամբաստանյալների պաշտպանների նկատմամբ:
«Տասը տարուց ավելի դատավոր լինելով՝ նման նախաձեռնությամբ աչքի չեք ընկել: Կարելի է հետևություն անել, որ դուք շահագրգռված եք այս գործի ելքով: Ավելին, ձեր շահագրգռվածությունը ակնառու է լինում այն դեպքում, երբ տիկնոջը դիմում եք պարոն-ով, երբ պաշտպանի նկատմամբ սպառնում եք խափանման միջոց կիրառել ու փաստաբանին դիմելիս կիրառում եք ամբաստանյալ տերմինը», -դիմելով դատավար Գաբրիելյանին՝ հայտարարեց Սիմոնյանը՝ միջնորդելով ինքնաբացարկ ներկայացնել:
Սիմոնյանը նաև ընդգծեց, որ այս գործով նշանակված հինգշաբթի օրերին մեկ այլ գործով դատարաններից մեկում ունի ավելի վաղ նշանակված դատական նիստ, հետևաբար չի կարող մասնակցել «Սասնա ծռերի» գործով նիստերին:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր նկատմամբ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: