27/07/2017 14:46
«Աշխատանքը թերի էր». Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մնաց առանց գիտական աստիճանի
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական ատենախոսությունը Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) վերադարձրել է թերի լինելու պատճառաբանությամբ, այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավակնորդը, ըստ օրենքի, պետք է ունենա գիտական աստիճան, սակայն Տեր-Ղևոնդյանը, որը նույնպես այդ պաշտոնի հավակնորդներից է, չունի ու ԲՈՀ-ին դիմելիս շտապել է՝ ներկայացնելով թերի աշխատանք:
«Կային թերություններ, տարբեր վերնագրերով նույն հոդվածի տպագրություն», - մեզ հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ Տեր-Ղևոնդյանի ներկայացրած հոդվածներից մի քանիսը նույնությամբ տպագրված են եղել տարբեր գիտական հանդեսներում՝ տարբեր վերնագրերի տակ, որոնք ԲՈՀ են ներկայացվել որպես առանձին հոդվածներ:
Այդուհանդերձ, ըստ կանոնակարգի, Տեր-Ղևոնդյանին հնարավորություն կտրվի շտկել թերությունները և դարձյալ ներկայանալ ԲՈՀ-ին:
«6 ամսվա ընթացքում, ըստ կարգի, նա կարող է լրացնել բացերը ու նորից դիմել», -ասաց Արզումանյանը:
Այս տարվա ընթացքում արդեն ԲՈՀ-ի կողմից չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների թիվը 21 է: Այդ թվում՝ ամենաշատը գրականության բնագավառից է: Լիլիթ Արզումանյանն ասաց, որ իրենք բաց ու թափանցիկ են աշխատում և իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվում:
Նկատենք, որ հուլիսի 20-ին կառավարության որոշմամբ ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Կառավարությունից հայտնել էին, որ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Սփյուռքից ներդրումների ապահովմանը: