27/07/2017 13:23
Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում` նաև մեզ. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի՝ Հայաստան այցին:
«Ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, որտեղ եղել են բավականին մեծ թվով պաշտոնական անձիք», - մանրամասնեց Շ. Քոչարյանը։
«Ընդհանուր առմամբ, բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե, կան նաև կնճռոտ ծալքեր և շատ կարևոր է, որպեսզի լինի երկխոսություն, որպեսզի պետությունները միմյանցից, այնուամենայնիվ, մեկուսացված չլինեն և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում», - ասաց նա:
Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է ու հրապարակային հնչել է:
«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում` նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից», - ասաց փոխարտգործնախարարը։