27/07/2017 11:40
Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու. Վարչապետն ընդունեց Վիգեն Սարգսյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը, արձագանքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստն էր և այնտեղ ՀՀ նախագահից ԿԳՆ-ին կա երկու հանձնարարական։
«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդմանը», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը նշեց, որ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ Կրության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցում էր, որ պատրաստ են:
«Բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով», - ասաց նա, ապա, դիմելով վարչապետին՝ ասաց. «Եթե դեմ չեք, ձեր հանձնարարականի մեջ դա էլ ներառվի»։
«Շատ լավ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը