27/07/2017 11:26
Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը նշեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին, առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտությանը:
«Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրների համար: Ավելին, փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղած առաջարկություններ», - ասաց նա:
Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված գործնական և օրենսդրական լուծումներ՝ անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին, միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ:
«Մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույց, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չէ: Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյայալն է՝ մենք ուզում ենք կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում», -ասաց նա: